Հունիսի 24-25-ին Երևանում «ԴիջիԹեք բիզնես» ֆորումի շրջանակներում ցուցադրվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի վերջին նորությունները։ Միջոցառման նպատակն էր՝ նպաստել տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը։ Ֆորումը կազմակերպել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, և անցկացվում էր ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։
Միջոցառման բացմանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ նկատեց, որ ամեն տարի այս ֆորումն անցկացվում է լի դահլիճում, որտեղ ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն ունեն ամփոփելու անցած տարին, բացահայտելու ՏՏ ոլորտի ձեռքբերումներն ու բացթողումները։ Ինչպես նկատեց վարչապետը, վերջին երեք տարում այս ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ առաջատար դիրք է զբաղեցնում, ինչի մասին են վկայում նաև բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող բաժանորդների թիվն ու ինտերնետի լայնաշերտ հասանելիության ցուցանիշը։ 2009 թվականի վերջին բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը 1 մլն 100 հազար էր, անցյալ տարվա տվյալներով՝ 1 մլն 343 հազար։ Այս տարվա առաջին եռամսյակի ավարտին բջջային հեռախոսների բաժանորդների թիվը հասել է 1 մլն 700 հազարի։ Կառավարության ղեկավարի գնահատականներով, դա խոսում է աճի բավականին բարձր տեմպերի մասին։ «Չափազանց կարևոր է, որ բաժանորդների քանակը ուղեկցվում է գների նվազմամբ։ Մինչև 1 Մբ վայրկյանում լայնաշերտ ծառայությունների միջինացված գները 2009 թ. ավարտել ենք 234000 դրամով, 2010-ը՝ 71000 դրամ, և 2011 թ. առաջին եռամսյակում՝ 55000 դրամ, և այս միտումը նույնպես շարունակվում է։ Այս տարի մենք արձանագրելու ենք գների նվազում»,- նշեց Տիգրան Սարգսյանը։
Ինտերնետի լայնաշերտ հասանելիության ցուցանիշներին անդրադառնալով՝ վարչապետը տեղեկացրեց, որ 2009 թ. Հայաստանում եղել է 70 հազար բաժանորդ, 2010 թ.՝ 170 հազար, իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով` կա 240 հազար բաժանորդ։
Վարչապետի համոզմամբ, առկա միտումներն ընդհանուր առմամբ ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ